Պարը, որպես ժողովրդական անփոխարինելի արվեստ, եղել է, կա ու տալիս է մարդկանց գեղագիտական մեծ հաճույք: "Կովկաս" պարային համույթն այս հրաշալի արվեստի վառ ներկայացուցիչներից է: Երեք տասնյակ տարիներ անցան ու սերունդներ կրթած "Կովկաս"-ն այսօր հաստատուն տեղ է զբաղեցնում հայկական պարարվեստում: Համույթը հիմնադրվել է 1977 թ.-ին, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում (Պիոներ պալատ), որի հիմնադիրը Աշոտ Հակոբյանն է: Իր գործին անսահման նվիրված վարպետի շնորհիվ ընդամենը վեց մասնակիցներով հիմնադրված համույթն աճել է և ջերմությամբ ընդունվել հանդիսատեսի կողմից: Ժամանակի ընթացքում նոր պարային բեմադրություններ են ծնունդ առել, իսկ համույթում պարողների թիվն ավելացել է: "Կովկաս"-ն իր գործունեության 48 տարիների ընթացքում անցել է ստեղծագործական ինքնահաստատման ուղի, արդյունքում` բարձրացել է համույթի անդամների կատարողական վարպետությունը, և կարևորը "Կովկաս"-ը ստեղծել է իրեն հատուկ ոճ:
Հուզականությամբ, դրամատուրգիայով ու ներգործության հզոր ուժով օժտված բեմադրությունները շատ սրտեր են գերել: "Կովկաս"-ը բազում հաջողություններ է գրանցել իր կենսագրության էջերում:
Համույթին ծափահարել են աշխարհի շատ երկրներում (Հյուսիսային Կորեա, Նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններ, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, ԱՄՆ, Իրաք, Իրան, Թուրքիա և այլ), բազմաթիվ անգամներ մասնակցել է համամիութենական, անդրկովկասյան, միջազգային փառատոնների և արժանացել մրցանակների:
Հայկական ու վրացական, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային պարերը "Կովկաս" համույթը ներկայացնում է իրեն հատուկ վարպետությամբ: Հեզաճկուն ու նազանքով են պարը մատուցում համույթի աղջիկները, խրոխտ ու առնական են խմբի տղաները: Հիմնադրման օրից մինչ օրս այս ոգով են պարում կովկասցիները:
Համույթի երկար տարիների գոյատևման և կայացման գործում կարևոր դեր է ունեցել վարպետ Աշոտ Հակոբյանի ընտանիքը: Պարարվեստի հանդեպ ունեցած սերը հայր Հակոբյանից փոխանցվել է զավակներին: Այսօր "Կովկաս" պարային համույթը ղեկավարում է ավագ որդին` Արմեն Հակոբյանը: Նա նույն ոգով ու անսահման նվիրվածությամբ շարունակում է հոր գործը: Հիմնադրման օրից մինչ օրս համույթը պահպանում է իր ավանդույթները: Այսօր շնորհիվ Արմեն Հակոբյանի արվում են նոր բեմադրություններ: Ետևում երեք տասնյակ տարիներ են, առջևում նոր նվաճումներ: "Կովկաս"-ը շարունակում է պարել, կովկասցիները շարունակում են գերել հանդիսատեսի սրտերը: